Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն թույլ չի տալիս, որ ներքաղաքական հակադրության «ջերմաստիճանն» իջնի, ինչի վկայությունն է Եկեղեցու դեմ արված վերջին գրառումը:
Փաշինյանի վարքագիծը հոգևոր կառույցի նկատմամբ սոսկ իդեոլոգիկ հակասություն չէ։
Դա իշխանության պահպանման ռազմավարության մի մասն է՝ ուղղված ներքին քաղաքական մրցակիցների չեզոքացմանը և արտաքին աջակցության շարունակական ապահովմանը։
Փաշինյանն, անշուշտ, չի կարող չհասկանալ, որ իր այս վարքագիծը կարող է ընդհուպ քաղաքացիական բախումների պատճառ դառնալ, սակայն «հետևողական» է իր գծի մեջ, ինչն առնվազն նշանակում է՝ իշխանությունը պահպանելու ներքին և արտաքին ավելի հարմար գործիքներ չունի:
Բնականաբար, Փաշինյանի համար առանցքային է գալիք ընտրական ցիկլը:
Փաշինյանի կառավարությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, համաձայն վերջին սոցիոլոգիական հարցումների (օրինակ՝ «Կովկասյան բարոմետր»), վայելում են բնակչության ընդամենը 17%-ի աջակցությունը, մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին վստահություն ունի բնակչության 71%-ի շրջանում:
Ըստ ամենայնի, Փաշինյանն իր համար մի սկզբունքային եզրահանգման է եկել, որ անգամ ավտորիտար համակարգը չի երաշխավորում իր թիմի վերարտադրությունը 2026-ի ընտրություններում և որոշել է անցում կատարել տոտալիտար կառավարմանը:
Տոտալիտարիզմը տարբերվում է ավտորիտարիզմից իր ծայրահեղությամբ՝ ձգտելով վերացնել մարդկային բազմազանությունը և ստեղծել միատարր, լիովին վերահսկվող հասարակություն: Ավտորիտար ռեժիմներն ավելի սահմանափակ նպատակներ ունեն և չեն միջամտում հասարակության խորքային կառուցվածքին:
Փաշինյանի կոնցեպտը, բնականաբար, չի կարող հանդուրժել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ իր այսօրվա սահմանադրական կարգավիճակով և փաստացի ազդեցությամբ:
Մյուս կողմից, Փաշինյանի այսօրվա ներքին ագրեսիվ քաղաքականությունը սպասարկում է նաև նրա՝ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքականությունը:
Փաշինյանի կառավարությունը վերջին տարիներին ակտիվորեն ձգտում է խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ հեռանալով ռուսական ազդեցությունից:
Եկեղեցին, որ նաև իշխանության քարոզչության միջոցով ընկալվում է որպես ռուսամետ կամ ավանդապաշտ, կարող է դիտվել որպես խոչընդոտ այս գործընթացում:
Եկեղեցու դեմ հռետորաբանությունը կարող է լինել ազդանշան Արևմուտքի գլոբալիստական շրջանակներին, որ Փաշինյանի «առաջադիմական» թիմը պայքարում է «գուբերնիստների» դեմ:
Քարոզչական այս կեղծ նարատիվը մեծ տարածում ունի Փաշինյանի կողմնակիցների, թիմակիցների խոսույթում:
Եվ վերջապես, հայկական ինքնության ապամոնտաժմամբ Փաշինյանը փորձում է հաճոյանալ Բաքվին ու Անկարային:
ՈՒ առանձնապես էական չէ, Թուրքիայի և Ադրբեջանի օրակա՞րգն է Փաշինյանն իրականացնում, թե՞ ինքն է «փութաջանորեն» նետվում նրանց գիրկը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ